ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՆՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

ՆՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
07.12.2010 | 00:00

Վերջին ժամանակներս համապարփակ ցանցում պարբերաբար հայտնվող վերլուծական գրությունների քանակը` զանազան գաղտնի մակագրություններով, դուրս է երևակայության բոլոր շրջանակներից։ Դրանք ոչ միայն չարագուշակ «արտահոսքեր» են դիվանագիտական թղթապանակներից, այլև տարբեր երկրների կառավարությունների և հետախուզության օգտին աշխատող զանազան կառույցների հետազոտություններ։ Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող նյութը, օրինակ, բավականին փակ և հրապարակայնությունը չչարաշահող կառույցի` ամերիկյան RAND կորպորացիայի վերլուծաբանների խմբի հետազոտությունների արդյունք է։ Աշխատանքը կատարված է «Հակամարտությունների աղբյուրները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում» նախագծի շրջանակներում։ Նախագծի նպատակն է ԱՄՆ-ի զինվորական հետախուզության վերլուծաբաններին լրացուցիչ տեղեկություն տրամադրել տարածաշրջանում հնարավոր զինված հակամարտությունների ներուժը հասկանալու համար։ Մշակվել էր ինդիկատորների և ցուցիչների մի շարք, որոնք ի վիճակի են նույնականացնելու հակամարտության առաջացումը, հնարավորություն են տալիս որոշելու դրանցում ամերիկյան զինված ուժերի ներգրավման պայմանները և գործընթացի շտկումները։ RAND կորպորացիայի փորձագետները որոշում ու գնահատում են հանգուցային այն գործոնների նշանակությունը, որոնք, ըստ նրանց, ազդում են Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում հակամարտությունների ծագման ու զարգացման վրա։ Հիշյալ բացահայտված գործոններից են` ա) պետության քաղաքական ու տնտեսական կառուցվածքի թուլությունը, բ) տնտեսության քրեականացումը և թմրանյութերի առևտուրը, գ) էթնիկական փոխհարաբերությունները տարածաշրջանում, դ) օտարերկրյա շահերն ու ազդեցությունը, ե) պայքարը բնապաշարների համար։
Հետազոտության հեղինակները հանգամանորեն ուսումնասիրում են ենթակառուցվածքային ներուժը, որն ազդում է ԱՄՆ-ի բանակի զորամասերի արագ ծավալման ընդունակության վրա, այն դեպքում, եթե դրանք առաջիկա 10-15 տարում ներգրավվեն հակամարտությունների մեջ։
Տարածաշրջանի ամբողջ իրավիճակը սահմանելով որպես անկայուն, RAND-ի փորձագետներն այստեղ կանխատեսում են ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական բնույթի խոշորածավալ հակամարտությունների զարգացման հնարավորություն։ Ընդսմին, հակամարտություններ կծագեն ինչպես արդեն հայտնի լարվածության կետերում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Ֆերգանայի հովիտը կամ Վրաստանի Պանկիսի ու Կոդորի կիրճերը, այնպես էլ նախկինում կայուն շրջաններում։ Հաշվետվության մեջ վերստին ընդգծվում է այն միտքը, որ Կենտրոնասիական աշխարհաշրջանը և Հարավային Կովկասի տարածաշրջանը կենսականորեն կարևոր են ԱՄՆ-ի համար։ Սակայն նշվում է, որ եթե նախկինում ամերիկյան ռազմաքաղաքական շրջանակները հաճախ անտեսում էին աֆղանական ռազմարշավին օժանդակելու դիմաց ԱՄՆ-ի հետ համագործակցությունը հօգուտ սեփական շահերի օգտագործելու տարածաշրջանի մի շարք երկրների (մասնավորապես ՈՒզբեկստանի) ղեկավարության փորձերը, ապա 10-15 տարվա հեռանկարով դա բնավ ձեռնտու չէ ԱՄՆ-ին։
Միաժամանակ, տարածաշրջանի երկրների վրա Ռուսաստանի գործադրած ռազմաքաղաքական ճնշումը, ինչը պայմանավորված է ամերիկյան երկարաժամկետ ռազմական ներկայության ամրապնդումը թույլ չտալու ձգտմամբ, Մոսկվայի կողմից հրահրվող միասնացման պրոցեսների ընթացքում քաղաքական և տնտեսական շահերի հնարավոր բախումների հետ մեկտեղ, հեղինակների կարծիքով, չթուլացող սպառնալիք է կայունության համար։ Հեղինակները նշում են, որ Ռուսաստանը, որի պատմական, քաղաքական, ռազմավարական և տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում բավականին մեծ է, բազում բարդություններ է հարուցում ԱՄՆ-ի քաղաքականության իրականացման ճանապարհին։ Նախ և առաջ, դրանք տարածաշրջանի պետությունների այն երկյուղներն են, թե Ռուսաստանն իր խորացող թուլությամբ և ազդեցությունը լիակատար կորցնելու վախից կձգտի ուժով պահպանել վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ։ Սակայն, փորձագետների կարծիքով, ոչ այնքան կարևոր է Ռուսաստանի ուժային միջամտության բուն փաստը, որքան այն, որ ուժային ճնշում կիրառելու փորձի դեպքում նա կարող է ազգային, կրոնական կամ տարածքային հակամարտություններ հրահրել տարածաշրջանում։ Բացի այդ, տարածաշրջանում Ռուսաստանի հիմնարար շահերը գրեթե երաշխավորում են, որ եթե ցանկացած պատճառով հակամարտություն պայթի, ապա Ռուսաստանը կձգտի էական դեր խաղալ և խոչընդոտել արտաքին ուժերի մասնակցությանը դրա կարգավորման գործին։ Հնարավոր է, և նույնիսկ ավելի վտանգավոր, որ նա իր թուլության պատճառով չցանկանա կամ չկարողանա կասեցնել հակամարտությունը, կամ էլ դա անի մեծ ուշացումով։
Այն ժամանակ, երբ Ռուսաստանը պարզ շահեր ունի տարածաշրջանում, ուրիշ պետություններ, ինչպես, օրինակ, Չինաստանը, Թուրքիան և Իրանը, երկյուղում են հակամարտությունից և անիշխանությունից։ Մինչև այժմ այդ պետությունները զսպում էին իրենց շահերի ակտիվ դրսևորումը Ռուսաստանի նախահարձակ դիրքորոշման պատճառով։ Տարածաշրջանային ճգնաժամը Ռուսաստանի չցանկանալու, անընդունակության կամ անբավարար ակտիվության հետ մեկտեղ այդ պետություններից մեկին կամ մի քանիսին կարող է և դրդել սեփական ուժերով լուծելու ճգնաժամային իրավիճակը։ Իսկ դա, իր հերթին, կարող է ավարտվել Ռուսաստանի պատասխանով ու հակամարտությանը միջամտելով։ Հեղինակները նշում են, որ տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի ծավալում հրահրելու ընդունակ գործոններից մեկը էթնիկական և ազգային հակամարտությունների, ինչպես նաև տեղական բնակչության ու ռուսաստանամետ ռուսախոս բնակչության միջև հակամարտությունների սրացումն է։ Այսպես, վերջերս Կենտրոնական Ասիայում նկատվում է ակտիվություն քաղաքացիական իրավունքների ապահովման համար մղվող պայքարում։ Կասպից ծովի շրջանում ճգնաժամի ծագման հնարավոր գործոնների թվում փորձագետները նշում են նաև տարածաշրջանի ռազմականացման բարձր մակարդակը Ռուսաստանի և Իրանի կողմից։
Ընդհանրապես պետք է նշել, որ հաշվետվությունը մեծապես համապատասխանում է «արդյունավետ ձեռնարկումների հիման վրա ռազմական գործողության» իրականացման տեղեկատվավերլուծական նախապատրաստության նպատակով պատրաստված նյութին։ Նրանում նկատվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի այս կամ այն գործողությունների առաջնային և երկրորդական արդյունքները, և, ի վերջո, հետազոտության նպատակն է ԱՄՆ-ի զինված ուժերի ակտիվ օգտագործման և տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության հաստատման համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ